2009 թվականից ի վեր, ամեն տարի ապրիլը հայտարարվում է Համընդհանուր աստղագիտական ամիս (Global Astronomy Month), որը կազմակերպվում է «Աստղային խաղաղություն» (StarPeace) ծրագրի շրջանակներում: Նրա գաղափարախոսությունն է` երկինքն առանց սահմանների եւ երկիրն առանց սահմանների, քարոզելով զերծ մնալ պատերազմներից եւ միջպետական հակամարտություններից եւ ընդհակառակը` բարեկամանալ բոլոր սահմանների վրա: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Գիտական լրագրողների ակումբից:
Նրանց տրամադրած տեղեկատվության համաձայն՝ քանի որ Երկիր մոլորակը շատ փոքր է անսահման Տիեզերքում, ապա անհրաժեշտ է այն պահպանել բոլոր միջոցներով: Այս տարի նույնպես ապրիլ ամիսը հռչակված է ՀԱՄ-2011, որի ընթացքում կտոնվեն «Աստղային խաղաղության» 30 օրեր:
Աշխարհը բաժանված է 10 հավասար գոտիների՝ յուրաքանչյուրում 3 օր, որոնցում գտնվող երկրները կնշեն այս ամիսը՝ կազմակերպելով համատեղ «աստղային» միջոցառումներ` մասնագիտական եւ սիրողական դիտումներ, աստղագիտական ընկերությունների եւ ակումբների հավաքներ, այլ հանդիպումներ, հանրային դասախոսություններ եւ այլն: Ծրագրի նպատակն է համագործակցության, հաղորդակցվելու եւ երկնքի նկատմամբ ունեցած սիրո արտահայտման միջոցով ցուցադրել, որ գիտությունը պետական սահմաններ չի ճանաչում: Այսպիսով, ապրիլի 1-ից 30-ը, իրար հերթափոխելով, տարբեր երկրներ նշում են Համընդհանուր աստղագիտական ամիսը: Ապրիլի 1-3-ին ծրագրի սկիզբը դրվեց ամսաթվի փոփոխման միջօրեականից (նշվեց Ալյասկայում) եւ շարժվում է դեպի արեւելք, այնպես, որ 3-ական օր տրամադրված է յուրաքանչյուր 36 աստիճան աշխարհագրական երկայնություն զբաղեցնող երկրներին: Այդ բաժանմամբ 7-րդ գոտում գտնվող Հայաստանի հերթը կհասնի ապրիլի 19-21-ին: Նույն գոտում են գտնվում նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելը, Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Աֆղանստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Միջին Ասիայի պետությունները, արաբական երկրների մեծ մասը և արևելյան Աֆրիկայի պետությունները: Ծրագիրն ավարտվելու է Ավստրալիայում եւ Օվկիանիայի երկրներում:





























