Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ երկրներին կոչ է արել հանդես գալ միասնական դիրքորոշմամբ Չինաստանի հետ հարաբերություններում, տեղեկացնում է AFP-ն։

«Ամենամեծ վտանգներից մեկը, որոնք ես տեսնում եմ, այն է, որ բոլորը Եվրոպայում ունեն իրենց սեփական քաղաքականությունը Չինաստանի հանդեպ, եւ որ արդյունքում մենք միանգամայն տարբեր ազդանշաններ ենք ուղարկում»,- խորհրդարանում ասել է Մերկելն իր ելույթում։ «Դա աղետալի հետեւանքներ չի ունենա Չինաստանի համար, բայց աղետալի հետեւանքներ կունենա Եվրոպայի համար»,- ավելացրել է նա։

Եվրամիությունը պետք է ընդունի հաջորդ սերնդի 5G բջջային կապի ընդհանուր ռազմավարություն՝ այն երկյուղների ֆոնին, որ չինական Huawei տեխնիկական հսկան կարող է օգտագործվել Պեկինի կողմից որպես լրտեսության գործիք։

Մինչեւ հիմա Գերմանիան չէր ենթարկվում Միացյալ Նահանգների ճնշմանը, որպեսզի հաներ Huawei-ը 5G-ի ստեղծման մրցույթների մասնակցությունից՝ պնդելով, որ անվտանգության կոշտ պայմաններ կդնի։ Բայց քննադատները մեղադրեցին Բեռլինին այն բանում, որ փորձում է հանգստացնել Չինաստանին՝ իր խոշոր առեւտրային գործընկերոջը, եւ տնտեսական շահը դնում է առաջին տեղում։

«Անշուշտ, պետք են անվտանգության բարձր չափորոշիչներ 5G ցանցերի զարգացման համար»,- ասել է Մերկելը։ «Բայց մենք նաեւ պետք է քննարկենք դա եվրոպական այլ երկրների հետ եւ փորձենք գտնել եվրոպական լուծումներ», ավելացրել է նա։

Մերկելի խոսքով՝ այնպես, ինչպես ԵՄ-ում կա կենտրոնացված գործակալություն, որը հավանություն է տալիս դեղերին ամբողջ Եվրոպայում, այդպես էլ կարող է ստեղծվել նաեւ 5G-ի սերտիֆիկացման ԵՄ գործակալություն։