Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում (նախկին Տիգրանակերտ) քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից հայտարարված քաղաքացիական անհնազանդության շրջանակներում ապրիլի 8-ին ուրբաթօրյա աղոթքը կրկին տեղի է ունեցել բաց երկնքի տակ, որից հետո ոստիկանության եւ քուրդ բնակչության միջեւ բախումներ են տեղի ունեցել:
Քրդական կուսակցության նախաձեռնությամբ մոտ 4 հազար հավաքվածներ նամազ են իրականացրել Դաղքափը հրապարակում, որտեղ 1925-ին կախաղան են հանվել քուրդ ապստամբների առաջնորդ Շեյխ Սայիդն ու իր զինակիցները: Նամազից հետո քուրդ պատգամավորները փորձել են այդ հրապարակում «քրդական հարցի ժողովրդավարական լուծման» համար մի վրան տեղադրել, սակայն ոստիկանությունը չի թույլատրել: Այդ ընթացքում ոստիկանները հրապարակից հեռացրել են վրանի համար նախատեսված երկաթե ձողերը:
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Բենգի Յըլդըզը փորձել է թույլ չտալ, որ ձողերից մեկը հեռացնեն, սակայն ոստիկանները չեն լսել եւ մոտ 10 մետր գետնի վրա քարշ են տվել քուրդ պատգամավորին, ով պինդ բռնել էր ձողը: Այդ խառնաշփոթի ընթացքում ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ կիրառել` ցրելու հավաքվածներին, որի ընթացքում կոտրել են ոստիկաններից մեկի քիթը:


































