Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի է ունեցել Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանապահ ոստիկանության պատվիրակության հանդիպումը, որը գլխավորում էր  ոստիկանության պետ Թեյմուրազ Կեկելիձեն:

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Թեյմուրազ Կեկելիձեին:

Ողջունելով Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին՝ Է. Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները եւս մեկ անգամ վկայում են երկու եղբայր ժողովուրդների վստահելի հարաբերությունների մասին:

Հանդիպման ընթացքում Է. Մարտիրոսյանն ու Թ. Կեկելիձեն քննարկեցին պետական սահմանի ռեժիմի պահպանությանը, երկկողմ համագործակցության ընդլայնմանը եւ տարածաշրջանային ներկա զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թ. Կեկելիձեն նշել է, որ այս հանդիպումը եւս մեկ քայլ է երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացման եւ խորացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Էդուարդ Մարտիրոսյանը պարգեւատրեց Թեյմուրազ Կեկելիձեին՝ «Սահմանային համագործակցության համար» մեդալով:

Այցի ընթացքում Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: