Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային երկօրյա քննարկումը՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին եւ եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Քննարկմանը մասնակցել են դատավորներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, ինչպես նաեւ շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ:

Օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արա  Գաբուզյանը մասնակիցներին ներկայացրել է օրակարգային հարցերը, այնուհետեւ քննարկել պատժի համակարգին, անվտանգության միջոցներին, հանցագործության փուլերին ու հանցակցությանը վերաբերող դրույթները:

Աշխատանքային քննարկման երկրորդ օրը անդրադարձ կկատարվի հափշտակության հասկացությանը, պատժից ազատելու որոշ տեսակներին առնչվող հարցերին:

«Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին եւ եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի նպատակն է նպաստել եվրոպական չափանիշների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: