Հնդկաստանի Զինված ուժերը հաջողությամբ իրականացրել է հակատանկային եւ թեւավոր հրթիռների արձակումներ։ Ինչպես տեղեկացնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրներին, ցամաքային զորքերը արձակել են հեռահար գործողության շառավղով երկու Spike հակատանկային հրթիռ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հեռուստաալիքին տեղեկացրել են աղբյուրները, հրթիռներն արձակվել են անցած չորեքշաբթի Մադհյա-Փրադեշ նահանգի հրաձգարանում, Հնդկաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Բիպին Ռավաթի ներկայությամբ։
Spike-ը չորրորդ սերնդի իսրայելական հրթիռ է, որը կարող է մեծ ճշգրտությամբ խոցել թիրախը մոտ 4 կիլոմետր հեռավորությամբ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Հնդկաստանն այս տարի ձեռք է բերել այդ հրթիռների մի խմբաքանակ։
Բացի այդ, ինչպես ուրբաթ տեղեկացրել է Financial Times թերթը, հինգշաբթի Հնդկաստանի ՌԾՈւ-ն իրականացրել է ռուս-հնդկական համատեղ արտադրության գերձայնային BrahMos թեւավոր հրթիռի փորձարկում։ Հրթիռն արձակվել է ականակրից Արաբական ծովում եւ հաջողությամբ խոցել է առաջադրված թիրախը։
Ռուս-հնդկական BrahMos Aerospace համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է 1998 թվականին։ Ձեռնարկությունն անվանումն ստացել է ի պատիվ Բրահմապուտրա եւ Մոսկվա գետերի։ Ռուսական կողմից ՀՁ-ին մասնակցում է «Մեքենաշինություն գիտաարտադրական միավորումը»։ Ձեռնարկության հիմնական նախագիծը գերձայնային թեւավոր հրթիռն է, որի առաջին արձակումը տեղի է ունեցել 2001 թվականի հունիսի 21-ին։ Ներկայում նման հրթիռներ կան Հնդկաստանի ՌՕՈւ, ՌԾՈւ եւ ցամաքային զորքերում։




























