Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել 2011թ ֆինանսական օրենքի մեջ, որի համաձայն` երկրի բյուջեն կավելանա 350 միլիոն լարիով (210 մլն դոլարով):

Այդ դեպքում` ծախսային մասը կկազմի 5 միլիարդ 650 միլիոն լարի (3 մլրդ 383 մլն դոլար), բյուջեի դեֆիցիտը կնվազի 4,3 տոկոսից մինչեւ 3,7 տոկոս, հաղորդում է RBC գործակալությունը:

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության`բյուջեի աճը պայմանավորված է երկրում այս տարի սեպտեմբերից նվազագույն կենսաթոշակի` 100 լարիով (մոտ 60 դոլար) բարձրացմամբ:

Համաձայն կատարված փոփոխությունների` 15 մլն լարիով (մոտ 9 դոլար մլն դոլար) ավել կֆինանսավորվի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Գյուղատնտեսական ծրագրերի զարգացման համար կտրամադրվի լրացուցիչ 9 միլիոն լարի (5,4 մլն դոլար), եւ գրեթե 11 միլիոն լարի (6.6 մլն դոլար)` Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությանը: Այդ գումարները կծախսվեն Վրաստանում զբոսաշրջության զարգացման, ներդրողներին ներգրավելու եւ մի շարք այլ նախագծերի համար:

Նշենք նաեւ, որ կառավարությունը ընթացիկ ֆինանսական տարում նախատեսում է 900 միլիոն լարի (539 մլն դոլար) արժողությամբ արժեթղթեր, որը մի մասը կտրամադրվի 2008թ թողարկված եվրապարտատոմսերի ֆինանսավորման համար: