Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 9-ը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել անվանի արվեստագետ Երվանդ Քոչարի փարիզյան շրջանի տարածական գեղանկարչության բացառիկ ստեղծագործություններից մեկի ցուցադրությանը: Եզակի այս ցուցադրությունը, որը կայանալու է ապրիլի 5-ից մայիսի 5-ը, կազմակերպել են երեւանյան «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը փարիզյան «Մինոտավր» պատկերասրահի հետ համատեղ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետին է ներկայացվել Քոչարի յուրօրինակ քանդակա-գեղանկարի ստեղծման պատմությունը եւ բովանդակությունը: Նշվել է, որ 1927թ. ստեղծված տարածական այս աշխատանքում գեղանկարչության եւ քանդակի յուրատեսակ համադրության ներքո պատկերված են Ադամը եւ Եվան` ներկայացնելով ծավալայնության, պլաստիկ մոդելավորման, գունախաղի եւ լույսի ներդաշնակ միասնություն:
Վարչապետ Սարգսյանը ծանոթացել է նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված ֆրանսահայ տաղանդավոր նկարիչ Ժանսեմի` Հովհաննես Սեմերջյանի «Նատյուրմորտ» կտավին: Մինչեւ մայիսի 5-ը Ժանսեմի ստեղծագործությունը նույնպես հասանելի կլինի անվանի նկարչի արվեստի սիրահարների համար:
Տիգրան Սարգսյանը շրջել է նաեւ Հայաստանի պատմության թանգարանի սրահներով, ծանոթացել «Մշակույթ, արվեստ, հավատալիքներ հին քարի դարից մինչեւ բրոնզե դար» ցուցադրության շրջանակում ներկայացված ցուցանմուշներին:





























