Ավելի վաղ գոյություն ունեցող կարծրատիպը, որ հայկական ռազմատեխնիկան եւ սպառազինությունները չեն կարող որակյալ լինել, կոտրվել է: Այդ մասին «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղի» 7-րդ բիզնես-ինովացիոն ֆորումի (BIF-2019) ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (ՌԱԿ) Ավետիք Քերոբյանը:
Նրա խոսքով՝ մարտի դաշտում ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների որոշ տեսակների բարեհաջող կիրառումը հանգեցրել է նրան, որ զինվորականները սկսել են հավատալ հայկական արտադրանքին: «Զինվորականները սկսել են հասկանալ, որ մեր երկրում կա տեխնոլոգիական համայնք, կա ՏՏ համայնք, որը կարող է ինչ-որ բան արտադրել, եւ դա հիանալի կլինի»,-հայտարարել է նա: Քերոբյանը վստահեցրել է, որ կան դեպքեր, երբ զինվորականները հաճույքով ընդունում են ինովացիաները, խթանում եւ անգամ պահանջում են դրանց կիրառումը: «Այստեղ հիմնական խնդիրը կայանում է տեխնիկական խնդիրները ձեւակերպելու մեջ: Այդ խնդիրը լուծելու համար ստեղծվել է Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը, որը դեռեւս գտնվում է ՊՆ կազմում, սակայն գրեթե անկախ է: Այդ ինստիտուտը դառնում է բանակում ինովացիաների կենտրոնը: Այն կարող է ընդունել ինովացիաներում պահանջները, որոնց հիման վրա ծրագրավորել տեխնիկական խնդիրներ եւ աշխատել Հանձնաժողովի հետ, որը կապահովի աշխատանքի արդյունավետությունը»,-հայտարարել է Քերոբյանը:
Բյուրոկրատական խնդիրների գոյություն ունեցող համակարգի մասին խոսելիս նա մատնանշել է համակարգային վերափոխումների անհրաժեշտությունը: «Ռազմատեխնիկական պրոդուկտների հարցում անհրաժեշտ է հեռանալ բանակի համար բրինձ եւ կարտոֆիլ ձեռքբերելու տրամաբանությունից: Մոտեցումը պետք է այլ լինի: Այդ ոլորտում երբեմն անհրաժեշտ է ֆինանսավորել նաեւ անհաջողությունը, քանի որ հենց դա կարող է ցույց տալ առաջադրված խնդրի լուծման օպտիմալ ուղիները»,-ամփոփել է նա:





























