Թուրքիայում այսօր մի ամբողջ շարք խնդիրներ կան մարդու իրավունքների ոլորտում: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության ապրիլի 8-ին հրապարակված զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ թուրք իրավապահների կողմից սպանություններ են կատարվել, ընդ որում, ձերբակալությունների եւ քրեական հետապնդումների քանակը այդ գործերով բավական ցածր են:
«Տարվա ընթացքում մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունները հայտնել են կտտանքների, ծեծի եւ նվաստացումների մասին անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից: Բանտում պահման պայմանները բարելավվել են, սակայն ոչ միշտ են ապահովում փաստաբանների մատչելիությունը: Դատավորների եւ դատախազների միջեւ չափից դուրս սերտ կապերը շարունակում են խոչընդոտել արդար դատաքննությանը»,- ասված է զեկույցում:
Ինչպես ընդգծում են զեկույցի հեղինակները, Թուրքիայի կառավարությունը սահմանափակում է խոսքի ազատությունը բազմաթիվ օրենքների եւ սահմանադրական սահմանափակումների միջոցով: Ավելին, երկրում ինտերնետից օգտվելու սահմանափակումներ են մտցվել:
Պետդեպի զեկույցում նշվում է, որ արդիական խնդիրներից է կանանց նկատմամբ բռնությունը, այդ թվում` ծանր հանցագործություններն ու բռնաբարությունները: Երկրում դեռ հանդիպում են անչափահասների ամուսնության դեպքեր, թեեւ գործող օրենսդրությամբ դա արգելվում է:





























