ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել Ադրբեջանի իրավիճակի վերաբերյալ սուր քննադատությամբ: «Ադրբեջանում 2010 թ. նկատվել են խոսքի եւ ժողովների ազատության սահմանափակումներ, քաղաքական կուսակցությունների գործունեության խախատումներ եւ խաղաղ ընտրությունների միջոցով կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքերի զգալի սահմանափակումներ», -ասված է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում:
Զեկույցի հեղինակները նշել են, որ երկրում տեղի են ունեցել ոստիկանների եւ զինվորականների կողմից բռնության դեպքեր, որոնց արդյունքում սպանվել է ավելի քան յոթ մարդ: «Սակայն իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները մնացել են անպատիժ», - արձանագրել են զեկույցի հեղինակները:
Զեկույցում նշվում է նաեւ բանտերում ծանր պայմանների մասին, որոշ դեպքում դրանք սպառնում են նաեւ դատապարտյալների կյանքին: «Երկրում շարունակվում են կամայական ձերբակալությունները, հատկապես այն անձանց նկատմամբ, որոնց կառավարությունը դիտում է որպես քաղաքական հակառակորդներ: Շարունակվում են քաղաքական շարժառիթներով ձերբակալությունները», - նշվում է զեկույցում:
Զեկույցի հեղինակներն արձանագրում են նաեւ երկրում ամենուրեք կոռուպցիայի առկայության մասին, այդ թվում` դատական եւ իրավապահ համակարգերում:
«Կառավարությունը շարունակել է սահմանափակել նաեւ խղճի ազատությունը: Արձանագրվել են կանանց նկատմամբ բռնության դեպքեր: Մարդկանց առեւտուրը դեռեւս մնում է երկրի հիմնական խնդիրներից: Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները եւ քաղաքական գործունեության սահմանափակումները ոչ միայն շարունակվել են, այլ ավելի ուժեղացել»,- ասվում է զեկույցում:





























