Աբխազիայում նախօրեին սպանված երկու վրացի դիվերսանտները հանրապետության տարածքում ահաբեկչություն էին նախապատրաստում, ապրիլի 9-ին հաղորդել է Աբխազիայի հատուկ նշանակության կենտրոնը:
«Հավաստի տեղեկություններ կան, որ նրանք գործել են նպատակաուղղված` ահաբեկչություններ իրականացնելու համար եւ ներառված են եղել մինչեւ 25 հոգանոց խմբում», -հայտարարել են կենտրոնում:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 8-ին Չուբուրհինջ գյուղում ռուսաստանցի սահմանապահների կողմից պլանային պարեկության ժամանակ: Չբնակեցված տներից մեկի ստուգման ժամանակ այնտեղից կրակել են, ինչի հետեւանքով տեղում զոհվել է խմբի ավագ, փոխգնդապետ Վասիլի Կվիտկոն, մյուս սահմանապահը վիրավորվել է:
Սահմանապահների պատասխան կրակի հետեւանքով սպանվել է երկու տղամարդ: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի Լաշա Սիչինավան է, մյուսի ինքնությունը ճշտվում է:
Տան ստուգման ժամանակ հայտնաբերվել են չորս նռանակներ, երկու ինքնաձիգ եւ զինամթերք:



























