Գյումրիում բաղնիքներն սկսել են փակվել, քանի որ ըստ դրանց սեփականատերերի, այդ բիզնեսն սկսել  է իրեն չարդարացնել:

«Պայմաններ չկան, գազի ու լույսի թանկացմանը գումարվել է հարկային քաղաքականությունը: Մեկ մետր տարածքի համար1000 դրամ են ուզում: Բացի այդ հարկայինից գալիս, չափում են միջանցքը, ասում են դրա համար էլ վճարելու եք: Այ մարդ, միջանցքում քայլում են , հո չե՞ն լողանում»,- NEWS am -ի թղթակցի հետ զրույցում դժգոհել է Գյումրիի «Մկրտիչ» բաղնիքի սեփականատեր  Արտաշես Սարաֆյանը: Նրա խոսքով, վերջին անգամ հարկային ստուգումների ժամանակ 190 հազար դրամ տուգանք են սահմանել,  որից հետո ինքը փակել է օբյեկտը:

«Սնանկացրին, ես էլ փակեցի: Հիմա վրան գրել եմ «Փակ է անժամկետ» ցուցանակն ու տուն եմ եկել: Իմ հեռախոսահամարներն էլ կան, վաճառում եմ տարածքն էլ, բաղնիքն էլ»,- ասել է Արտաշես Սարաֆյանը:

Մյուս «Գյումրվա բաղնիք»-ը արդեն մեկ շաբաթ է, չի գործում: Աշխատակիցներն ասել են, թե սեփականատերը պարտքեր ունի: Բաղնիքի սեփականատեր Գեւորգ Առաքելյանի փոխանցմամբ, պատճառը տեխնիկական է: «Գազը ես եմ անջատել տվել, որ տեխնիակական խոտանը լուծենք»,-ասել է  Գեւորգ Առաքելյանը: