ԿԳՄՍ նախարարության դիմացից ոստիկաններին հաջողվեց ուժով հեռացնել նախարարության մուտքի մոտ նստած, նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին։ Ցուցարարները, սակայն, փակեցին նախարարությանը հարող Վազգեն Սարգսյան փողոցը։ Ցուցարարներն ասացին, որ իրենց ընկերներից մի քանի հոգու տարել են Ոստիկանության կենտրոնական բաժին։ Այս պահին ՀՅԴ երիտասարդները նստել են Վազգեն Սարգսյանի փողոցում։
Ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց, որ ոստիկանը ցուցարարին ասել է՝ «կթքեմ վրեդ»։
Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ նախարար Արայիկ Հարությունյանը չիջավ և չհանդիպեց ՀՅԴ երիտասարդների հետ, և վերջիններս որոշեցին ինքնուրույն բարձրանալ վերև, սակայն ոստիկանները արգելեցին և ուժով հեռացրեցին ցուցարարներին։
Նշենք, որ նախարարության առջև մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, այդ թվում՝ կարմիր բերետավորներ։
Փողոցում նստած երիտասարդները վանկարկում են «ամոթ», «Արայիկ, հեռացիր»։











