Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նման ձևաչափով պարբերաբար հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից մտքեր փոխանակելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի և հեռանկարների շուրջ։

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացման համատեքստում ընդգծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև իրականացված փոխանակման ծրագրի անցկացումը:

Նախարար Մնացականյանը վերահաստատել է հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ շփման գծում միջադեպերի կանխման նպատակով:

Երկուստեք ընդգծվել է Արցախի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղ գործընթացին, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ։