Ամերիկյան իշխանություններն առաջին անգամ ողջ ծավալով հրապարակել են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների դեմ հանցանշանները:

Տվյալները հրապարակվել են, քանի որ ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը ահաբեկչության կազմակերպիչների գործը փոխանցել է պաշտպանության նախարարությանը:  Խնդիրն այն է, որ ահաբեկիչների գործը քննելու է ռազմական դատարանը Գուանտանամոյի բազայում, ոչ թե քրեական դատարանը:

Ահաբեկչության կազմակերպման համար հինգ ձերբակալվածների գործը Գուանտանամոյում քննելու մասին հայտնի է դարձել ապրիլի 4 –ին, գրում է  Lenta.ru-ն:

Հրապարակված տվյալների համաձայն` ողջ օպերացիան, սկզբից մինչեւ վերջ, ղեկավարել է Հալիդ շեյխ Մոհամեդը: Ահաբեկչությունը ծրագրվել է 1999թ-ին, երբ շեյխ Մոհամեդը Ալ- Քաիդայի պարագլուխ Օսամա բեն Լադենին առաջարկել է ահաբեկչության համար օգտագործել առեւտրային ավիագծերի օդանավերը:

Ահաբեկչության հինգ կազմակերպիչները ձերբակալվել են Պակիստանում: Նրանց մեղքը հաստատվելու դեպքում նրանց կարող է մահապատիժ սպառնալ: