Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետեւանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն  ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա:

Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսեւորում ոչ միայն  վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտարկումներից հետո, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին:

Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13 հազար կրակոց, որից մոտ 1200-ը` դիպուկահար հրացաններից, իսկ 1800-ը` խոշոր տրամաչափի զինատեսակներից:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տեղի չտալով հակառակորդի սադրանքներին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել եւ շարունակում են իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: