Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի ողբերգական մահվան տարելիցի կապակցությամբ սգո միջոցառումներ են իրականացվում Լեհաստանում:

Միժամանակ, ըստ «Ինտերֆաքսի», Լեհաստանի նախագահի օդանավի աղետի վայրում` Սմոլենսկի մարզում, զոհվածների հարզատների կողմից տեղադրված հուշատախտակը տեղական վարչակազմի կողմից փոխվել է:

Լեհերենով ցուցատախտակի փոխարեն ներկայումս այնտեղ այլ ցուցատախտակ է տեղադրված` լեհերեն եւ ռուսերեն: Սակայն նորի վրայից բացակայում է գրառումը, թե աղետի ենթարկվածները ուղեւորվում էին մասնակցելու «կատինյան անտառում լեհ սպաների նկատմամբ իրագործված խորհրդային ցեղասպանության 70-րդ տարելիցի» միջոցառումներին:

Հաղորդվում է, որ փոփոխված գրառման պատճառով Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին ապրիլի 11-ին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում ծաղիկներ չի դնի հուշարձանին:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սմոլենսկի մատույցներում աղետի ենթարկվեց Տու-154 ինքնաթիռը, որում գտնվում էր 96 մարդ, այդ թվում` նախագահ Լեխ Կաչինսկին: