Տիեզերագնացության օրվա կապակցությամբ, Բրյուսելի խորհրդանիշը համարվող «Միզող տղայի» քանդակին տիեզերագնացի հագուստներ են հագցնելու:

Ակցիայի նախաձեռնողը Բելգիայի ռուսալեզու կազմակերպությունների ֆեդերացիան է` Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Միզող տղայի» զգեստավորման արարողությունը Բելգիայում ամենահին եւ գեղեցիկ ավանդույթներից է:

Սկաֆանդրը, որ տղային կհագցնեն ապրիլի 12-ին, հատուկ պատրաստվել է ռուսաստանյան «Էներգիա» ձեռնարկությունում` դեռ 2003թ.: Այն Բրյուսելին են նվիրել ռուս տիեզերագնացներ Սերգեյ Զալետինը, Յուրի Լոնչակովն ու Ալեքսանդր Լազուտկինը: Ակցիայից առաջ Բրյուսելի քաղաքապետը ռատուշայում ընդունելություն է կազմակերպելու: «Միզող տղային» զգեստավորելու արարողությանը հրավիրված են Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդը եւ արքայական ընտանիքի անդամները:

Manneken Pis-ը փոքրիկ շատրվան է քաղաքապետարանից 200 մետր հեռավորության վրա: Ժամանակակից բրոնզե ֆիգուրը թվագրվում է 1619թ.-ով: Զգեստավորման ավադույթը սկսվել է 1698թ-ից, երբ Նիդեռլանդների գեներալ-նահանգապետը նվիրեց առաջին հագուստը: Այսօր նրա զգեստապահարանում 800-ից ավելի զգեստ կա: