Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են ընդհանուր դիրքորոշումն այն մասին, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք [ԱՄՆ պետքարտուղար] Մայքլ Պոմպեոյի հետ քննարկել ենք սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները: Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, ինչն այսօր հաստատել ենք՝ որ ռազմական լուծում չկա, որ անհրաժեշտ է առաջ մղել համազգային ներառական երկխոսությունը»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ դրա համար առաջին հերթին պետք է օգտագործվի քաղաքական գործընթացը Ժնեւում սիրիական սահմանադրական կոմիտեի աշխատանքի շրջանակում, ինչպես նաեւ պետք է որոնել «քաղաքական գործընթացին քրդերին ներգրավելու ուղիները»:

Լավրովն այնուհետեւ շարունակել է, որ Մոսկվայի կարծիքով՝ քրդերին ներգրավելն առաջին հերթին պետք է ընթանա Դամասկոսում կենտրոնական կառավարության հետ նրանց շփումների հաստատմամբ: ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝  ռուսական կողմն այս մասին խոսում է քրդերի հետ՝ «ցույց տալով, որ սա Սիրիայում թե՛ քրդերի, թե՛ մյուս էթնիկ եւ դավանաբանական խմբերի շահերի ապահովման միակ հուսալի ճանապարհն է»:

«Միացյալ Նահանգների հետ Սիրիայի հարցում երկխոսության խողովակ ունենք, որն առաջին հերթին զարգանում է ռազմական գերատեսչությունների գծով, այսպես կոչված, ապակոնֆիլկտինգի շրջանակում, սակայն շփումներ կան նաեւ ԱԳ նախարարությունների գծով»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Իդլիբը վերածվել է ահաբեկչության բուծարանի, եւ Թուրքիան, չնայած իր պարտավորություններին, առայժմ չի կարողանում այնտեղ գործող ընդդիմությանը տարանջատել ահաբեկչական խմբավորումներից, հավելել է Լավրովը: «Իդլիբը վերածվել է ահաբեկչության բուծարանի: Ցավոք, մեր թուրք գործընկերներն այնտեղ առայժմ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունը՝ զինված ընդդիմությանը, որը արատավորված չէ ահաբեկչական գործողություններով, առանձնացնել «Ջեբհաթ ան Նուսրայից»,- ասել է նա:

«Մենք հասկանում ենք, որ սա դժվար գործ է: Ժամանակին [ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք] Օբամայի վարչակազմը մեզ հավաստիացնում էր, որ իրենք զինյալներին, որոնք պատրաստ են քաղաքական երկխոսության, կտարանջատեն «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչներից, բայց այս խոստումը չնյութականացվեց, Օբամայի վարչակազմը չկարողացավ դա անել»,- շեշտել ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ սրա հետ կապված կասկածներ են առաջանում Վաշինգտոնի եւ «Ջեբհաթ ան Նուսրայի» հարաբերությունների վերաբերյալ: «Կասկածներ են եղել, որ «Ջեբհաթ ան Նուսրային» պահպանում են այն նպատակով, որ օգտագործեն [Սիրիայի նախագահ Բաշար] Ասադի օրինական կառավարության դեմ»,- հավելել է Լավրովը:

Նա նշել է, որ այս խմբավորումը փաստացի իր վերահսկողության տակ է վերցրել իդլիբյան ապաէսկալացիայի գոտին: «Եվ ոչ միայն իր վերահսկողության տակ է վերցրել, այլեւ այնտեղից հարվածներ է հասցնում ե՛ւ սիրիական զորքերի դիրքերին, ե՛ւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, ե՛ւ Հմեյմիմի ռուսական ռազմաօդային բազային: Այդ հարվածներից յուրաքանչյուրին մենք պատասխանում ենք»,- նշել է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

«Անհնար է, իհարկե, այսպիսի իրավիճակն անվերջ պահպանել, իրավիճակի զարգացումը վերջնարդյունքում պետք է լինի այս գոտին ահաբեկիչներից լիովին ազատելը եւ այս ամբողջ տարածքի վրա օրինական կառավարության վերահսկողության վերականգնումը»,- հավելել է նա:

Պոմպեոն շահագրգռված է Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքի արդյունքների ձեռքբերմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: «Ես այսօր լսեցի պետքարտուղարի շահագրգռությունն այն մասին, որ նա հասնի սահմանադրական բարեփոխման արդյունքների, ինչը նախատեսված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւով»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: