Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին զայրացրել է «Վերնիսաժի» տարածքում կանաչ գոտիների հաշվին իրականացվող առեւտուրն ու շատրվանների եւ ընդհանրապես ողջ տարածքի ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա, անձամբ է այցելել «Վերնիսաժ» եւ ականատես եղել այնտեղի բարձիթողի վիճակին:
Ըստ այդմ, քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել եւ տարածքը վարձակալած տնտեսավարողին պարտադրել կատարել վարձակալական պայմանագրի պահանջները, բարեկարգել եւ կանաչապատել տարածքը:
Կ. Կարապետյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ պայմանագրային պարտավորությունները չկատարող սուբյեկտները օրենքով սահմանված կարգով կարող են ենթարկվել համապատասխան տույժի, ընդհուպ մինչեւ վարձակալության պայմանագրերի դադարեցման: Իսկ մասնավորապես «Վերնիսաժի» մասով հանձնարարել է. «Մինչեւ շաբաթ օրը ամբողջությամբ պետք է վերականգնվի կանաչ գոտին եւ արգելվի այդ հատվածում առեւտրի իրականացումը: Վերահսկեք, որպեսզի վարձակալը կատարի բարեկարգման եւ կանաչապատման պայմանագրային պարտավորություններն ու պահպանի այն»,- շեշտել է քաղաքապետը:
Հասարակական վերահսկողության նպատակով քաղաքապետն առաջարկել է ներգրավել նաեւ բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին:





























