Ֆրանսիական հատուկջոկատայինները ապրիլի 11-ին ձերբակալել են Կոտ դ’Իվուարի գործող նախագահ Լորան Գբագբոյին, ով հրաժարվում էր ճանաչել իր պարտությունը նախագահական ընտրություններում:
Reuters-ի փոխանցմամբ, Գբագբոյին արդեն հանձնել են ընդդիմության ձեռքը: Նա ստիպված էր հանձնվել այն բանից հետո, երբ ֆրանսիական տանկերը մաքրել էին նրա նստավայրի ճանապարհն ու շրջապատել էին բունկերը, որում նա գտնվում էր կնոջ հետ: Այժմ Գբագբոն գտնվում է Կոտ դ’Իվուարի ընդդիմադիր ուժերի շտաբում` Աբիջանի «Գոլֆ» հյուրանոցում: Լորան Գբագբոյի ձերբակալության փաստը հաստատել է նաեւ Ֆրանսիայի դեսպան Ժան Մարկ Սիմոնը:
Նշենք, որ անկարգություններն ու զինված բախումները Կոտ դ’Իվուարում սկսվել էին 2010թ. վերջին, երբ երկրում նախագահական ընտրություններ կայացան: Ընտրությունների արդյունքում գործող նախագահը պարտվել էր ընդդիմության թեկնածու Ալասսան Ուատտարային: Հաղթողին ճանաչել էր միջազգային հանրությունը, սակայն Գբագբոն հրաժարվել էր ճանաչել պարտությունը: Արդյունքում քաղաքացիական պատերազմ էր բռնկվել, որի արդյունքում մեկուկես հազար մարդ էր սպանվել, իսկ միլիոնից ավելի մարդ փախել էր երկրից:





























