ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը կողմ է հանդես եկել ադրբեջանական պատվիրակության հետ` երրորդ կողմի միջնորդությամբ, շարունակական հանդիպումներին: Հայկական կողմը հույս ունի, որ այդ հանդիպումները կստեղծեն փոխվստահության բավարար մթնոլորտ եւ կթուլացնեն երկու պատվիրակությունների միջեւ առկա լարվածությունը: Այս մասին ասված է ԵԽԽՎ Բյուրոյի անդամներին ուղղված հայկական պատվիրակության նամակում:

Հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այս նամակը ստիպված է եղել հնչեցնել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ունեցած իր ելույթում, մեղադրելով ԵԽԽՎ Բյուրոյին այդ նամակը թաքցնելու մեջ:

«Բյուրոն խորհրդավորությամբ կորցրեց հայկական պատվիրակության նամակի հետքերը եւ աչք ծակող գործելաոճով անտեսեց ուղղակիորեն ներգրավված կողմի դիրքորոշումը եւ առարկությունները: Չի կարելի լուրջ դրական արդյունքներ ակնկալել ստիպողաբար առաջադրված գործընթացից», - հայտարարել է Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերագործարկման մասով հիշյալ նամակում ասվում է. «Նման հարցերի քննարկումը ավելի լայն ֆորմատով` անկախ դրա անվանումից` ենթահանձնաժողով թե ինչ այլ մարմին, եթե այն ներառելու է հանրային քննարկումներ ավելի լայն խմբերի մասնակցությամբ, հավասարազոր է երկուստեք մեղադրանքների եւ թունոտ հռետորության հավելյալ հարթակ ստեղծելուն: Մենք չենք ցանկանում մասնակցել նման միջոցառմանը, քանի որ կարծում ենք, որ դա ապակառուցողական է»:

Հիշեցնենք, որ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը պաշտոնապես իր աշխատանքները կսկսի այս նստաշրջանում: