ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Հայաստանի ԱԳ նախարարի հետ ապրիլի 11-ի երեկոյան տեղի ունեցած հանդիպումից հետո պատասխանել են հայ լրագրողների հարցերին:
Պոպովի խոսքով, Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը միջնորդները քննարկել են խաղաղ բանակցային գործընթացը. «Մենք քննարկել ենք Սոչիի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմներին: Արծարծել ենք նաեւ արտգործնախարարների կայանալիք հանդիպումների թեման»:
Իր հերթին Բրադկեն նկատել է, որ վաղը` ապրիլի 12-ին միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, որտեղից, հատելով շփման գիծը, արդեն ապրիլի 13-ին կուղղվեն Ադրբեջան եւ կհանդիպեն նախագահ Իլհամ Ալիեւին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են պատասխանել լրագրողների այլ հարցերին` պատճառաբանելով, թե տրվող հարցերը վաղը քննարկելու են Հայաստանի նախագահի հետ, եւ նպատակահարմար չեն համարում պատասխանել դրանց նախքան հանդիպումը:
Նշենք, որ ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) այսօր` ապրիլի 11-ին ժամանել են Երեւան:
ԵԱՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները հիմնարար սկզբունքների հիման վրա` հենվելով Սոչիի հանդիպման դրական առաջընթացի վրա:Ծրագրված է նաեւ քննարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն անցկացնելու պարտավորությունների կատարման հարցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:





























