«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է անցյալ կիրակի Շվեյցարիայի առաքելական եկեղեցում տեղի ունեցած սկանդալին:  

«Ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի որոշման, որով Ժնեւ է ուղարկել Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ.Մեսրոպ վարդապետ Պարսամյանին` ԱՄՆ Հայոց արեւմտյան թեմի առաջնորդին պատվիրելով ուղեկցել եւ ներկայացնել նրան կիրակնօրյա ժողովի ժամանակ, Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը որոշել է փակել եկեղեցին: Շվեյցարահայերը դեմ են իրենց ներկա հոգեւոր հովվի` Տ.Աբել քահանա Մանուկյանի փոփոխությանը եւ Շվեյցարիայում թեմ հիմնելու Էջմիածնի որոշմանը: Կիրակի Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ հայաստանյան ԶԼՄ-ներից է տեղեկացել տեղապահի գալուստի մասին: «Հակառակ, որ մեր կողմից հրավեր չի եղել, մենք հանդիպել ենք Տ.Մեսրոպ վարդապետ Պարսամյանին եւ Հովնան արք. Տերտերյանին` փոխանցելու հետեւյալ ուղերձը Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհրդի գլխավոր ասամբլեայի կողմից` մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք պնդում ենք ասամբլեայի միաձայն որոշումը, որն ուղարկվել է Գարեգին Երկրորդին»,-նշել է խորհուրդը: Մարտի 25-ի նամակում Ժնեւի եկեղեցու խորհուրդն «անընդունելի , անթույլատրելի ու անօրինական էր» հայտարարել Էջմիածնի որոշումը`հայտարարելով, թե թույլ չի տա ներկայիս հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին լքել հոգեւոր հոտը: «Մամուլում տեղ գտած հայտարարությունը հսկայական լարվածություն, հիասթափություն եւ բարկություն է առաջացրել համայնքում, ուստի որեւէ միջադեպից խուսափելու եւ մեր համայնքի խաղաղությունը պահպանելու համար խորհուրդը որոշեց փակել եկեղեցին ապրիլի 10-ին»,-հայտարարել է խորհուրդը»,-տեղեկացնում է օրաթերթը: