Հոնկոնգի իշխանությունները պետք է դադարեցնեն բռնությունն ու քաոսը, որոնք կես տարի առաջ ընդգրկել են այս հատուկ վարչական շրջանը, եւ պարզեն բնակչության սոցիալական խնդիրները: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը՝ Պեկինում ընդունելով Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամին, փոխանցում է South China Morning Post-ը:

«Հոնկոնգը դեռեւս չի հաղթահարել դժվարությունները: Քաղաքի կառավարությունը պետք է շարունակի օրենքի համաձայն բռնության ու քաոսի դադարեցմանը, կարգի վերականգնմանը ուղղված ջանքերը»,- ասել է նա:

Լի Կեցյանը նաեւ ընդգծել է հոնկոնգյան հանրության շրջանում «խոր արմատներ գցած սոցիալական կոնֆլիկտների եւ խնդիրների» մանրակրկիտ ուսումնասիրության, մեգապոլիսում երկարաժամկետ բարգավաճման եւ կայունության ապահովման անհրաժեշտությունը: «Հոնկոնգի տնտեսության մեջ առաջացել է ակնհայտ ռեցեիա, լուրջն հարված է հասցվել շատ հատվածների: Կարելի է ասել, որ քաղաքը բախվել է աննախադեպ, լուրջ եւ բարդ իրավիճակի»,- հավելել է Չինաստանի վարչապետը:

Քերրի Լամը Պեկինում է աշխատանքային այցով՝ Չինաստանի կենտրոնական կառավարությանը հաշվետվություն ներկայացնելու համար հատուկ վարչական տարածքում իրավիճակի մասին, որտեղ 6 ամիս առաջ բռնկվել են բողոքի զանգվածային ցույցեր: Ավելի ուշ նա ընդունվելու է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից:

Հոնկոնգում ամռան սկզբին  բողոքի զանգվածային ակցիաներ էին բռնկվել տեղական իշխանությունների՝ արտահանձնման մասին օրինագիծ ընդունելու մտադրության դեմ, որը թույլ կտար իրավախախտներին հանձնել Չինաստանին: Չնայած օրենսդրական նախաձեռնության հետկանչին, ընդդիմության երիտասարդ կողմնակիցները շարունակել են հակակառավարական ելույթները: Դրանք պարբերաբար ուղեկցվում էին ճանապարհների փակմամբ, բռնությամբ, հրկիզումներով եւ վանդալիզմի ակտերով:

Քաղաքում իրավիճակը վերջին ամսին հանդարտ է, հանրահավաքները անկում են ապրել եւ սկսել են անցնել խաղաղ հունով: