«Մարդու իրավունքների միջազգային պաշտպաններ» կազմակերպությունը մեղադրել է Apple, Google, Microsoft, Dell եւ Tesla ընկերություններին երեխաների աշխատանքը շահագործելու մեջ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կոբալտ արդյունահանելիս, տեղեկացնում է CNN-ը։
Մարդու իրավունքների պաշտպանները դաշնային հայց են ներկայացրել նշյալ ընկերությունների գործողությունների դեմ Վաշինգտոնի օկրուգի դատարանում, որտեղ գտնվում է կազմակերպության շտաբը։
Բողոքում, մասնավորապես, նշվում է, որ ընկերությունները «գիտակցաբար շահույթ են ստացել մանկական աշխատանքի դաժան եւ կոպիտ շահագործումից» ծայրահեղ վտանգավոր պայմաններում կոբալտ արդյունահանելիս։
Հայցում նաեւ նշվում է, որ պատասխանողները «երկար ժամանակ» տեղեկացված են եղել այն մասին, որ Կոնգոյի լեռնահանքային սեկտորը «կախված է երեխաներից», իսկ կոբալտի արդյունահանումը այս շրջանում ԱՄՆ աշխատանքի նախարարության կողմից համարվում է բարիք, որն արտադրվում է մանկական կամ հարկադրական աշխատանքի շահագործման միջոցով։
Հայցում, որի տեքստը մեջբերել են մի շարք լրատվամիջոցներ (The Washington Post, The Guardian), նշվում է նաեւ, որ այդ երեխաների ընչազուրկ վիճակը լայնորեն լուսաբանվել է մամուլում։
Կոբալտը գրեթե բոլոր վերալիցքավորվող էլեկտրոնային գաջեթների կուտակիչների հիմնական լիթիում-իոնային բաղադրիչն է։ Կոբալտի երկու երրորդը երկրագնդում արդյունահանվում է հենց Կոնգոյում։





























