Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչը Իսրայելի տուրիզմի նախարար Յարիվ Լեւինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է հայ ուխտագնացների խնդիրների մասին հարցը:
Երուսաղեմում ծննդյան եւ ամանորյա տոների հետ կապված ընդունելության ժամանակ հայր Աղվան Գոգչյանը նշել է, որ պատահում է՝ Հայաստանից ժամանող ուխտագնացներին արգվելում է երկիր մուտքը, հայտնում է The Jerusalem Post-ը:
«Հասարակ մարդիկ, որոնք ամբողջ տարին աշխատում են փող տնտեսելու եւ տոմս գնելու համար, ժամանում են Սուրբ Հող՝ կատարելու իրենց հավատի պահանջը, բայց պատահում է՝ պահվում են Բեն Գուրիոն օդանավակայանում: Նրանց նստեցնում են հաջորդ օդանավն ու հետ Հայաստան ուղարկում կամ այնտեղ, որտեղից եկել են»,- նախարարին դիմելով ասել է նա:
Գոգչյանը հավելել է, թե բացատրություն չկա՝ ինչո՞ւ են նրանց մուտքը երկիր մերժում, եւ նախարարին խնդրել է այս հարցը պարզել:





























