Հաշվի առնելով մեր երկու հանձնաժողովների իրավասությունները՝ մեր քննարկումների զգալի մասը կազմել են միջազգային քաղաքականության եւ միջպետական հարաբերությունների հարցերը: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:
Նրա խոսքով՝ քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը: «Մենք քննարկեցինք անվտանգության հարցերը, կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման հեռանկարները, որոնք այսօր պահպանվում են, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Անկասկած, մենք նաեւ խոսել ենք ռուս-վրացական հարաբերությունների, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի մասին, խոսել ենք նաեւ այլ հակամարտությունների մասին, որոնք դեռեւս պահպանվում են հետխորհրդային տարածքում»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ կողմերը «խոսել են նույն լեզվով»:
Նա նշեց, որ Ռուսաստանը կարծում է, որ կոնֆլիկտային իրավիճակներում ուժային մոտեցում չկա եւ չի կարող լինել: «Լուծումը կարող է միայն քաղաքական լինել, եւ ռուսական կողմը նշել է վերջերս Հայաստանի վարչապետի կողմից արված այն հայտարարությունը, որ վերջին հաշվով ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի՝ հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերն ու դիրքորոշումները: Ռուսական կողմից մենք ափսոսանք են հայտնել այն կապակցությամբ, որ ադրբեջանական կողմն այդ առումով այդպես էլ հայտարարություն չի արել: Հուսով ենք՝ նրանց կողմից նման հայտարարություն կլինի, քանի որ դա կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում»,- եզրափակեց Կոսաչեւը:





























