Մեր հայ գործընկերներին հրավիրել ենք ՌԴ հաջորդ նիստին մասնակցելու համար: Նիստը կկայանա Մոսկվայում: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:

Նրա խոսքով՝ համաձայնության են եկել այն մասին, որ հաջորդ համատեղ նիստը կկայանա մյուս տարվա գարնանային նստաշրջանի շրջանակում: «Մենք մտադիր ենք պահպանել ներկայիս գրաֆիկը տարեկան երկու լայնամասշտաբ հանդիպումների շրջանակում: Մենք շատ կցանկանայինք, որպեսզի հենց հայ գործընկերների հետ առանց որեւէ խոչընդոտի պահպանվեր այդ գրաֆիկը»,- նշեց Կոսաչեւը: