Բոլիվիայի իշխանությունները կդիմեն Ինտերպոլի օգնությանը՝ նախկին նախագահ Էվո Մորալեսին ձերբակալելու դատախազության տված օրդերի առնչությամբ։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բոլիվիայի գլխավոր դատախազ Խուան Լանչիպա Պոնսեն տեղեկացրել է, որ դատախազությունը խնդրում է ձերբակալման օրդերը փոխանցել ոստիկանությանը՝ այն իրականացնելու համար, եւ որ դատախազությունը դիմելու է Ինտերպոլին՝ համագործակցության խնդրանքով»,- ասվում է հայտարարությունում։

Գլխավոր դատախազի խոսքով՝ հանրապետության ԱԳՆ-ն նույնպես «կակտիվացնի համագործակցության բոլոր հնարավոր ձեւերը»։ Բացի այդ, Լանչիպա Պոնսեն նշել է, որ Մորալեսի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդման սովորական վարույթ, քանի որ հանցագործությունները, որոնցում նա կասկածվում է, կատարվել են իբր նրա հրաժարականից հետո։

Չորեքշաբթի Բոլիվիայի ներքին գործերի նախարար Արթուրո Մուրիլյոն Թվիթերում հրապարակեց փաստաթուղթը Մորալեսի ձերբակալման օրդերի մասին՝ խռովության, ահաբեկչության սադրանքի եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին քրեական գործի հետաքննության շրջանակում։ Նախկին նախագահը օրդերն անվանել է անօրինական եւ սահմանադրությանը հակասող։