ԱԱԾ կողմից իրականացվող գործառույթները առնչվում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, նրա անվտանգության շահերին. ես բազմիցս եմ ասել, որ Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգությունը համարում եմ առաջնահերթությունների առաջնահերթությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք երկրի անվտանգությունն ապահովող մի քանի կառույցներ ունենք, որոնցից մեկը ԱԱԾ-ն է: Կարող եմ արձանագրել, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում ԱԱԾ-ն կատարել է իր առջեւ դրված խնդիրը:

Շատ է խոսվում է ԱԱԾ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին, բայց ես ուզում եմ արձանագրել, որ ԱԱԾ  գործունեության մեծ մասը, հսկայական մասը անտեսանելի է հանրության համար: Անվտանգությունն այն երեւույթներից է, որի ներկայությունը սովորաբար չի նկատվում: Երբ անվտանգությունը կա, ոչ ոք դրա համար որեւէ մեկին շնորհակալություն չի ասում, որովհետեւ դա համարվում է մի բան, որ ինքնին ենթադրվում է: Բայց երբ անվտանգության ներկայությունը մի փոքր կասկածի տակ է առնվում, բոլորը հանում են իրենց թրերը եւ հարձակվում այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված մարմինների վրա:

Ցավոք, Հայաստանն այն միջավայրում չէ, որ մենք հնարավորություն ունենանք ընդհանրապես չնկատել անվտանգության հետ կապված խնդիրները: Մենք ցավոք, գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ իրավիճակը շատ բարդ է, պարբերաբար սրվում է, եւ մենք երկարաժամկետ մարտահրավերներ ենք ունենալու անվտանգության: Ընդ որում, կապված նաեւ միջազգային, տարածաշրջանային իրավիճակի հետ»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այսօր ամենավերջին տվյալներով Հայաստանը տեղ էր զբաղեցրել աշխարհի անվտանգ երկրների շարքում. «Հակամարտություն ունեցող, 4 սահմաններից երկուսի դեպքում փակ սահմաններ ունեցող երկիրը հանկարծ հայտնվում է աշխարհի անվտանգ երկրների շարքում: Սրանք բաներ են, որոնք, ցավոք սրտի, չի նկատվում»: