Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստյորջենը պաշտոնապես Լոնդոնից թույլտվություն է հարցրել անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման համար։ Առաջինը, որը տեղի էր ունեցել 2014 թվականին, շոտլանդացիները տանուլ տվեցին, եւ թվում էր, թե հարցը երկար ժամանակով փակված է, բայց հետո տեղի ունեցավ բրեքզիթը, տեղեկացնում է BBC-ին։
Հինգշաբթի շոտլանդական ինքնավարության կառավարությունը հրապարակեց իր պաշտոնական դիրքորոշումը մի փաստաթղթով, որում ասվում է, որ Բրիտանիայի որոշումը ԵՄ-ից դուրս գալու մասին եւ Շոտլանդիայում վերջին քվեարկության արդյունքները նրան օրինական իրավունք են տալիս պահանջելու նոր հանրաքվե։
«Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը հստակ հայտարարել է, որ ցանկանում է այլ ապագա, քան այն, որն ուզում է մեծամասնությունը մնացյալ Բրիտանիայում։ Մենք պետք է իրավունք ստանանք, որպեսզի դիտարկենք այլընտրանքն անկախության տեսքով»,- ասել էր Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Ստյորջենը շոտլանդական ինքնավարության խորհրդարանում։
Նա հայտարարել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնին ուղարկում է իր կառավարության պաշտոնական դիրքորոշումը՝ առաջարկով. հանրաքվեն անցկացնել արդեն 2020 թվականի երկրորդ կեսին։ Ստյորջենն ավելացրել է, որ Լոնդոնը գրեթե հաստատ կմերժի այս առաջարկը։ «Բայց թող պատրանքներ չտածեն, սրանով բանը չի ավարտվի»,- ասել է նա։
Շոտլանդական երկրորդ հանրաքվեի վերաբերյալ վեճերը նոր ուժով բռնկվեցին 2016 թվականին, համաբրիտանական հանրաքվեից հետո՝ Եվրամիության անդամակցության մասին։ Շոտլանդիայում, ի տարբերություն Անգլիայի եւ Ուելսի, ժողովուրդը դեմ է քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն, ընդ որում՝ Եվրամիության կողմնակիցների գերակշռությունը զգալի էր՝ 62 տոկոս 38-ի դիմաց։
Նիկոլա Ստյորջենը եւ նրա կողմնակիցները հայտարարել են, որ Անգլիան եւ Ուելսը բռնի են Շոտլանդիան պոկում ԵՄ-ից (Հյուսիսային Իռլանդիան նույնպես դեմ է քվեարկել դուրս գալուն՝ 56 տոկոս 44-ի դիմաց), եւ այս փոփոխված հանգամանքներում շոտլանդացիները երկրորդ փորձի լիակատար իրավունք ունեն։





























