Յուրաքանչյուր պետության հիմքն իր քաղաքացիների կրթությունն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ հենց նման մոտեցումը պետք է քաղաքացիների նոր սերունդներ ձեւավորի: «Հենց կրթությունը պետք է Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժը լինի, ինչը թույլ կտա ոչ միայն ժամանակին համընթաց շարժվել, այլ նաեւ քայլ առաջ կատարել»,- ասաց Միրզոյանը:

Նա թվարկեց այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց բախվել է երկիրն իր նպատակներին հասնելու ճանապարհին: «Հայաստանում կրթական համակարգն այլեւս չպետք է ծառայի կուսակցությունների եւ գործող իշխանության շահերին: Հայաստանի կրթական համակարգում չպետք է ճնշվի ինքնուրույն մտածելակերպը: Հայաստանի կրթական համակարգում պետք է մերժել կոռուպցիայի ցանկացած դրսեւորում՝ նեպոտիզմից մինչեւ կաշառք»,- ասաց ԱԺ խոսնակը: