Իմ տվյալներով՝ ներդրումների ծավալը 2019 թվականի առաջին կիսամյակում 5 անգամ ավելի ցածր է եղել, քան անցած տարվա նույն ժամանակաշրջանում։ Ստացվում է, որ թեզը, թե իշխանափոխությունից հետո ներդրումների ալիք է լինելու, ճիշտ չէր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 20-ին ասաց «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանը։ «Վատ է անգամ ոչ թե դա, այլ այն, որ իշխանությունները չեն փորձում վերլուծել պատճառները։ Միայն հեղափոխության մասին հայտարարությունները բավական չեն ներդրողներին գրավելու համար։ Ոչ մի ներդրող ներդրում չի անում հեղափոխական երկրում։ Այս կարգախոսը չի աշխատում արտաքին միջավայրում։ Ինչպես տեսնում ենք, այն չի ազդում անգամ սփյուռքահայերի վրա»,- նշեց նա։
Հարությունյանն ավելացրեց, որ օտարերկրյա ներդրողներին պետք է արտոնություններ տալ Հայաստանում, այդ թվում տնտեսական դիվանագիտության միջոցով։ «Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը կարող է անխոչընդոտ արտահանել ապրանքներ թե՛ ԵՄ, թե՛ ԵՏՄ, բայց իշխանությունները չեն օգտվում դրանից։ Երկրում չկան անգամ անհրաժեշտ լաբորատորիաներ փորձաքննությունների համար»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։ Նա ընդգծել է, որ տնտեսական ցուցանիշներում կան որոշակի հակասություններ, որոնք փորձագետների մոտ հարցեր են առաջացնում։ «Օրինակ, մենք ունենք արդյունաբերության մոտավորապես 8 տոկոս աճ, 15 տոկոս աճ ծառայությունների ոլորտում, 4-5 տոկոս աճ շինարարությունում, եւ միաժամանակ նվազում են էլեկտրաէներգիայի ծավալները։ Բացի այդ, 2 անգամ կրճատվել է բեռնափոխադրումների ծավալը։ Դա մի քիչ տարօրինակ է»,- ավելացրել է նա։
Քաղաքական գործիչը առանձնացրել է մի շարք ոլորտներ, որոնցում նկատվել է առաջընթաց, դրանց մեջ՝ ճանապարհաշինությունը, ավիացիան, տուրիզմը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը նախկին բյուջեն ներկայացրել է որպես իներցիոն, իսկ 2020-ի բյուջեն՝ պահպանողական։ «Հաջորդ տարի նախատեսվում է ՀՆԱ 4,9 տոկոսանոց աճ, ինչն ավելի ցածր է, քան նախորդ տարիներին։ Ստացվում է, որ այս թիվը ներկայացրել են իշխանությունները, որպեսզի չդառնան քննադատության թիրախ, բայց հարկավոր են այլ մոտեցումներ, պետք է ավելի բարձր նպատակներ դնել։ Կառավարությունը դրանով իսկ գրանցել է, որ էական աճ ձեռք բերել չի հաջողվի։ Եթե մեր պոտենցիալն ավելին է այս թվից, ապա հարկավոր է նշել դա եւ փորձել հաղթահարել»,- եզրափակել է Հարությունյանը։




























