Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ցավակցական նամակ է հղել իր բելառուս գործընկերոջը` Ալեքսանդր Լուկաշենկոյին` Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ եւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, ասվում է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Որեւէ արդարացում չկա նրանց, ովքեր ձեռք են բարձրացրել անմեղ մարդկանց վրա: Վստահ եմ, որ ահաբեկչության կազմակերպիչները չեն կարող հասնել իրենց նպատակին` ապակայունացնել իրավիճակը Բելառուսում»,- ասված է Սահակաշվիլիի նամակում:

Պայթյունը որոտացել է նախօրեին` ժամը 17:58-ին, մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում: Պայթյունն այնքան հզոր է եղել է, որ բետոնե հատակին փոս է գոյացել, մասամբ փլուզվել են առաստաղն ու էսկալատորի պատերը: Պայթյունի պահին դեպքի վայրում մոտ 300 մարդ է եղել:

Բելառուսի գլխավոր դատախազությունը դեպքի որպես ահաբեկչություն է որակել: Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 5-ից 7 կգ տրոտիլ: Ռումբը գտնվել է երկրորդ վագոնի նստարարներից մեկի տակ, եւ դրա մեջ խոցող տարրեր են եղել: Վերջին տվյալներով, սպանվել է 12 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 134-ի: Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է Հայաստանի քաղաքացի Սամվել Էրիկի Սահակյանը, ով այժմ Մինսկի 9-րդ հիվանդանոցի օտոլարինգոլոգիայի բաժանմունքում:

Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբրեգության կապակցությամբ Մինսկում ապրիլի 13-ը սգո օր է հայտարարվել: