Հայաստանի ընտրական օրանսգիրքը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին եւ պայմաններ չի ստեղծում հանրապետությունում արդար ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Այնուհետ նա կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին` երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի, ընտրությունների ընթացքում թույլ տրված զանգվածային խախտումների համար`պահանջելով ստեղծել նախադրյալներ ապագայում արդար ընտրությունների անցկացման համար:
«Ազգային ժողովում ընդունվող «Ընտրական օրենսգիրքը» չունի լեգիտիմության անհրաժեշտ մակարդակ, եւ այն ընտրությունները, որոնք անցկացվելու են, չեն ունենալու վստահություն հասարակության կողմից: «Ընտրական օրենսգրքի» ընդունման ձեւը եւ բովանդակությունը պետք է լիներ այն ուղերձն ու երաշխիքը, որ դուք քաղաքական կամք ունեք ոչ թե կեղծելու, այլ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու»,- հավելել է ընդդիմադիր գործիչը:
Սակայն այս մտքի վրա նիստը վարողը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեղմել է կոճակը, Մարտիրոսյանին հասկացնել տալով, որ նա սպառել է իրեն հատկացված ժամանակը: «Դուք ոչ միայն չարաշահեցիք մեր ժամանակը, այլ նաեւ դեռեւս չընդունված օրինագիծը օրենք եք համարում, մի տեսակ, կոռեկտ չի»,-հայտարարել է Աբրահամյանը` ԱԺ ամբիոնի մոտ հրավիրելով Ռուբեն Գեւորգյանին («Ծաղիկ Ռուբո»):
«Խնդրեմ, պարոն Գեւորգյան, գուցե դուք ձեր ելույթով պայծառացնեք մեր ուղեղները»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակը:
Սակայն, Աբրահամյանի լավատեսությունը չի արդարացվել, քանի որ Գեւորգյանի ելույթը հիշեցրել է անհասկանալի մտքերի մի փունջ` ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Միակ հասնակալի միտքը, որը հնարավոր է եղել որսալ, հետեւյալն է. «Ադրբեջանը ոռնում է պարտությունից»:





























