Փարիզում արձանագրվել է առաջին դեպքը, երբ վարչական տույժի է ենթարկվել կին`դեմքը ծածկող մահմեդական հագուստ կրելու համար: 27-ամյա կինը պատասխանատվության է ենթարկվել Մյուրո քաղաքի խանութներից մեկի ավտոկանգառում: Ոստիկանությունը նրան ծանուցագիր է ներկայացրել 150 եվրո տուգանք վճարել կամ գրանցվել «քաղաքացիության դասընթացներ» անցնելու համար:  

Ինչպես հայտնել է NEWS.am-ը, Ֆրանսիայում ապրիլի 11-ին ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է հասարակական վայրերում եւ փողոցներում դեմքը ծածկող հագուստ կրել: Օրենքի խախտումը նախատեսում է տուգանք`150 եվրոյի չափով: 

Նշենք, որ օրենքի`ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ անց տեղի է ունեցել առաջին ձերբակալությունը: Ապրիլի 11-ին Ավինյոնում տվյալ կինը փորձել է Փարիզ մեկնող գնացք նստել, որտեղ նա պետք է հարցազրույց տար չադրաներ, փարաջաներ եւ նիկաբաներ կրելու արգելման մասին օրենքի վերաբերյալ:  Նա հայտարարել է, որ, ինչպես Ֆրանսիայի մահմեդական համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ ինքը հիշյալ օրենքը համարում է Սահմանադրությանը հակասող: