Facebook Inc. ընկերությունը հայտարարել է միմյանց հետ կապ չունեցող երկու տեղեկատվական ցանցերի հայտնաբերման եւ հեռացման մասին, որոնք ակտիվ ապատեղեկատվական արշավ են անցկացրել, հաղորդում է DW-ը:
Հեռացվել է 39 պրոֆիլ, 344 էջ եւ 13 խումբ, ինչպես նաեւ 22 հաշիվ Instagram-ում, որոնք ստեղծվել են Վրաստանում: Նշվում է, որ այդ էջերը հանդես են եկել որպես նորությունների գործակալություններ եւ ընդօրինակել են քաղաքական կուսակցություններին, հանրային անձանց եւ ԶԼՄ-ներին: Էջերի եւ հաշիվների սեփականատերերը կենտրոնացել են տեղական նորությունների ու քաղաքական հարցերի վրա՝ ընտրություններ, կառավարության քաղաքականություն, ընդդիմության դատապարտում եւ այլն:
Չնայած դրա՝ հաշիվների հետեւում կանգնած անձինք փորձել են թաքցնել իրենց ինքնությունը: Պարզվել է, որ նրանք կապ են ունեցել Վրաստանում «Պանդա» գովազդային ընկերության եւ «Վրացական երազանք» կուսակցության հետ:
Հեռացվել են նաեւ հաշիվներ եւ էջեր, որոնք ստեղծվել են Վիետնամում եւ ԱՄՆ-ում: Այս դեպքում հեռացվել է 610 պրոֆիլ, 89 էջ եւ 156 խումբ Facebook-ում, եւ 72 հաշիվ՝ Instagram-ում: Դրանք ուղղված են եղել ԱՄՆ-ի խնդիրների հարցով քաղաքական նորություններին՝ իմպիչմենթի թեմաներ, պահպանողական գաղափարախոսություն, ընտրություններ, ընտանեկան արժեքներ եւ կրոնական ազատություն:
Նշվում է նաեւ, որ որոշ հաշիվներում օգտագործվել են «արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված եւ շարքային ամերիկացիների պատկերող լուսանկարներ»:
Facebook Inc.-ի աշխատակիցները՝ մեկնաբանելով որոշումը, նշել են, որ իրենք հեռացնում են հաշիվները կախված դրանց սեփականատերերի գործողություններից, այլ ոչ թե գրառումների բովանդակության պատճառով: Տվյալ դեպքում, ինչպես ասվում է ընկերության հայտարարության մեջ, նման ցանցերի հետեւում կանգնած անձինք համակարգում են իրենց գործողություններն ու օգտագործում կեղծ հաշիվներ՝ մյուս օգտատերերին մոլորեցնելու համար:





























