Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի որոշմամբ Երեւանի ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ) է տեղափոխվել «Օշականցի Գեւորիկ» մականվամբ «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավանաբար վաղը, կամ մյուս օրը քննչական մարմինը կդիմի դատարան խափանման միջոց կալանքի միջնորդությամբ կամ գրավով ազատ կարձակվի: Մելիքյանից նաեւ փորձանմուշ են վերցրել` պարզելու նրա արյան մեջ թմրանյութի առկայությունը:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, այսօր` ապրիլի 12-ի գիշերը թմրամիջոց օգտագործելու ու պահելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել հանցավոր աշխարհում ճանաչված «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկ» մականունով Գեւորգ Մելիքյանը:
Մելիքյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ափիոն թմրամիջոցի նմանվող 1,5 գ մուգ շագանակագույն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նախկինում դատապարտված 41-ամյա օրենքով գողին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել Աշտարակ-Երեւան ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտից:
Լուսանկարը ՝ Գագիկ Շամշյանի





























