Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 12-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին եւ նշել, որ այս այցելությունն օգտակար կլինի հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը չափազանց կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների խորացումը եւ այդ նպատակով` ջանքեր ներդնում: Սերժ Սարգսյանը նշել է, թե սիրով է հիշում անցյալ տարի Լոնդոնում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, իսկ դեկտեմբերին` Աստանայում Մեծ Բրիտանիայի փոխվարչապետի  հետ  իր հանդիպումները: Համագործակցության զարգացման գործում Նախագահը կարեւորել է փոխայցելությունների ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը:  

Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչը նշել է, թե Միացյալ Թագավորությունը եւս աշխատում է առավել ամրապնդելու եւ բարելավելու  Հայաստանի հետ արդեն իսկ լավ հարաբերությունները: