Կառավարությունում այսօր` ապրիլի 12-ին տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի երրորդ նիստը, որտեղ քննարկվել է «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի փոփոխությունները:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրենքի նախագիծը հաստատվել է խորհրդի կողմից եւ հանձնարարվել է Արդարադատության նախարարությանը հստակեցնել նախագծի որոշ դրույթների ձեւակերպումները:
Մեկ այլ հարցով Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույց»-ի 8-րդ կետով նախատեսված առաջարկությունները, որոնք վերաբերում են պետական վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման եւ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրներին:
Նիստում քննարկված մեկ այլ` «Քաղաքաշինական գործունեության հսկողության եւ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է քաղաքաշինության նախարարին քննարկել այն բոլոր շահագրգիռ մարմինների հետ:




























