Չինաստան այցելության նախօրեին CCTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել, որ կառաջադրվի նախագահական հաջորդ ժամկետի համար:
Նա նաեւ հայտնել է, որ այդ կապակցությամբ որոշումը կկայացվի մոտ ժամանակներս: «Ես չեմ բացառում, որ կառաջադրվեն նախագահական նոր ժամկետի համար: Որոշումը կընդունվի շատ մոտ ապագայում, քանի որ մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել»,- ասել է ՌԴ նախագահը:
Մեդվեդեւն ընդգծել է, որ այդ որոշումը պետք է հասուն լինի եւ հենվի գոյություն ունեցող սոցիալական իրավիճակի, քաղաքական իրադրության եւ, ամենակարեւորը, մարդկանց վերաբերմունքի վրա:
Նրա խոսքով, նախքան այդ որոշումը կայացնելը, պետք է հաշվի առնել բոլոր շանսերը, չգործել մեխանիկորեն, այլ գործել իսկապես իրավիճակը ամբողջությամբ հասկանալով: «Ես հույս ունեմ, որ նման հասկացողություն համեմատաբար մոտ հեռանկարում կձեւավորվի, որի մասին էլ ես կասեմ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նշենք, որ Մեդվեդեւը նախագահ է ընտրվել 2008-ի մարտին, այդ պաշտոնում փոխարինելով Վլադիմիր Պուտինին: Մեդվեդեւի իրավասություններն ավարտվում են 2012-ի մայիսին:





























