«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների տարածվելու արդյունքները գերազանցել են սպասումները, սակայն առաջադրված ռազմավարական նպատակին չի հաջողվել հասնել: Այդ մասին այսօր ICT Leaders Meeting ֆորումի ժամանակ հայտարարել է «e-Hayq» ընկերության ղեկավար, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կրթական հարցերի համակարգող Վահագն Պողոսյանը՝ ներկայացնելով արված աշխատանքի արդյունքները:

«Մենք որոշել ենք ընտրել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում արտադպրոցական պարապմունքներ անցկացնելու ձեւաչափը, եւ այդտեղ մենք գրանցել ենք հաջողություն ավելին, քան ակնկալվում էր: Սակայն, եթե խոսենք թվերի լեզվով, ակնհայտ է դառնում, որ ռազմավարական նպատակներ մենք չենք գրանցել: Մենք ցանկացել ենք ապահովել խմբակների 70-80 տոկոսի հաջողությունը, սակայն չեմ կարծում, որ հասել ենք այդ նպատակին: Մեր այսօրվա ցուցանիշները չեն գերազանցում 50 տոկոսը: Մենք ունենք շուրջ 300 «ԱրՄաթ» խմբակ, սակայն DigiTec մրցույթում մասնակցելու համար մենք ստացել ենք միայն 150 դիմում, այսինքն՝ այդ ծրագրի հաջողված լինելն ապահովելու համար դեռ շատ անելիքներ կան»,-հայտարարել է նա: Պողոսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է աշխատել ոչ թե ինժեներական լաբորատորիաների քանակի, այլ որակի ուղղությամբ: «Մենք պետք է անենք այնպես, որ հայտերը լինեն խմբակների քանակից երկու-երեք անգամ ավել, ոչ թե երկու անգամ պակաս, ինչպես դա տեղի է ունենում այսօր»,-հայտարարել է Պողոսյանը՝ հավելելով, որ քաղաքական առումով առաջընթաց, բնականաբար, կա: