Խորվաթիայում բացվել են երկրում նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով հանրապետության Պետական ընտրահանձնաժողովին (ՊԸՀ):
ՊԸՀ-ն գրանցել է 3 միլիոն 855 հազար ընտրող, որոնք կքվեարկեն երկրում եւ արտերկրում ավելի քան 6.6 հազար ընտրատեղամասերում: Երկրի սահմաններից դուրս գտնվող 124 տեղամասերից 44-ը գտնվում են Բոսնիա եւ Հերցեգովինայում, որտեղ կա խորվաթների խիտ բնակչություն:
Քվեարկության ընթացքին հետեւում է ավելի քան 24 հազար տեղական եւ օտարերկրյա դիտորդ:
«Ընտրատեղամասերը բաց են 07.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում: Քվեարկության օրվա ընթացքում կթարմացվեն ընտրողների մասնակցության մասին տվյալները»,-տեղեկացրել է ընտրահանձնաժողովը:
ՊԸՀ-ն հաստատել է նախագահի 11 թեկնածուների մասնակցությունը: Երկրորդ փուլը կկայանա հունվարի 5-ին, եթե նրանցից ոչ մեկը չհավաքի ձայների կեսից ավելին (50 տոկոս եւ մեկ ձայն):
Համաձայն վերջին հարցումների տվյալների՝ երկրորդ փուլ կանցնեն գործող նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչը, ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Զորան Միլանովիչն ու երգիչ եւ ձեռնարկատեր Միրոսլավ Շկորոն:
Երեք թեկնածուների վարկանիշների միջեւ աննշան տարբերության պատճառով մեկ փուլով ընտրություններն ամփոփելու հավանականությունը գրեթե բացառվում է:





























