Հայաստանում բազմաթիվ «գիտական դպրոցներ» ներկայումս գտնվում են քայքայման եզրին: Այդ մասին ICT Leaders Meeting ֆորումի ժամանակ հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ Տիգրան Շահվերդյանը:
«Այսօրվա դրությամբ ճշգրիտ ու բնական գիտություններում մենք գրանցել ենք լավ մակարդակ, եւ մեր առաջ խնդիր է դրված պահպանել այդ մակարդակը»,-համարում է նա: Շահվերդյանի գնահատմամբ՝ Հայաստանում կա գիտական կադրերի որոշակի պակաս. պետական գիտական ինստիտուտներում հիմնականում աշխատում են կենսաթոշակային տարիքի մասնագետները: Ներկայումս այդ մարդիկ ունեն իրենց նշանակալի ներդրումն այդ ինստիտուտների գործունեության մեջ, ապահովում են լուրջ գիտական արդյունքներ եւ միջազգային համագործակցություն: Սակայն նրանց հեռանալուն պես իրենց գլխավորած գիտական խմբերը հայտնվելու են քայքայման եզրին, հայտարարել է Շահվերդյանը:
Խնդիրը կայանում է նրանում, համոզված է նա, որ Հայաստանում գիտական գործունեությամբ զբաղվելը շահավետ չէ: Պաշտպանելով թեկնածուականը՝ երիտասարդ մասնագետները հիմնականում դադարում են զբաղվել գիտական գործունեությամբ, քանի որ աշխատանքի այդ տեսակը թույլ չի տալիս բավարարել կարիքները: Գիտության ոլորտում միջին աշխատավարձը կազմում է շուրջ 114 հազար դրամ, նշել է նա: «Արդյունքում գիտությունը սկսում է ծերանալ»,-հայտարարել է Շահվերդյանը:
Շահվերդյանն ընդգծել է, որ նշված խնդիրների ֆոնին արդյունաբերության ներկայացուցիչների անունից անհրաժեշտ է կառավարության առաջ հնչեցնել ոլորտում խնդիրները լուծելու պահանջը: «Եթե մենք ձգտում ենք գիտելիքահեն արդյունաբերությանը, ապա անհրաժեշտ է զարգացնել գիտության ոլորտը»,-նշել է նա: Շահվերդյանը հայտարարել է, որ նախաձեռնող խումբն արդեն կազմել է համապատասխան բաց նամակը՝ ուղղված կառավարությանը: Շահվերդյանը նաեւ առաջարկել է դիտարկել գիտության ոլորտի ներկայացուցիչներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը Գիտական գործիչների ասոցիացիա հիմնելու հարցում, որը կներկայացնի նրանց շահերը:



























