ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների այս տարվա զեկույցում Լեռնային Ղարաբաղի մասին ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման ամերիկյան ուղենիշներից:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, մեկնաբանելով հիշյալ զեկույցում Ղարաբաղին վերաբերող դրույթները:
«Զեկույցը որեւէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: Մենք շարունակում ենք պաշտպանել տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի եւ ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման Հելսինկյան երեք սկզբունքները`որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր: Մարդու իրավունքների հայաստանյան զեկույցը ապահովում է ամբողջական փաստացի պատկեր` ներառելով ՀՀ կառավարության ունեցած հաջողությունները եւ վերջինիս առջեւ ծառացած դժվարությունները հայաստանաբնակների մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք ակնկալում ենք շարունակել արդյունավետ երկխոսությունը ՀՀ կառավարության հետ զեկույցում արծարծված մարդու իրավունքների հարցերի շուրջ»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:





























