Հայաստանում 2011 թվականի մարտին արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկից: Նշվում է նաեւ, որ այսօր` ապրիլի 12-ին ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 8.5 տոկոս: 

«Չնայած սպառողական զամբյուղի նոր կշիռների հիման վրա հունվար եւ փետրվար ամիսների վերագնահատված գնաճը նվազեցրել է մարտի 12-ամսյա ցուցանիշը, այդուհանդերձ այն դեռեւս բավականին բարձր է` 11.5 տոկոս: Ընդ որում, վերջինիս 8.3 տոկոսային կետը պայմանավորել է պարենային ապրանքների գների աճը: 

ԿԲ Խորհուրդը արձանագրում է, որ ներկայումս պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գների աճի տեմպերի անկում: Սակայն 2011 թվականի առաջին եռամսյակում դրանց աճը գերազանցել է կանխատեսումները, ինչն առաջիկա ժամանակահատվածի համար ներքին տնտեսությունում կպահպանի արտաքին գնաճային ճնշումները, գնաճի երկրորդային ազդեցությունները, գնաճային սպասումները»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

ԿԲ Խորհուրդը իրատեսական է համարում, որ գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկված միջոցառումները կնպաստեն 2010 թվականի արդյունքներով այդ ճյուղում կրճատված առաջարկի վերականգմանը արդեն իսկ առաջիկա ամիսներին: 

 Խորհուրդը գտնում է, որ 2011թ. տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը, հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի ձեւավորման վրա, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թվականի երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար: