Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ապրիլի 12-ին հոսպիտալացվել է Շարմ-էլ- Շեյխի բժշկական կենտրոն, իսկ Մուբարաքի որդի Գամալը, Շարմ-էլ-Շեյխից մեկնել Կահիրե` քննչական միջոցառումներին մասնակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ալ-Աքրամ» գործակալությանը, ակնկալվում էր, որ Մուբարաքը կնոջ եւ որդիների հետ պետք է մեկներ Կահիրե` մասնակցելու նախկին կառավարության նկատմամբ կոռուպցիայի համար հարուցված գործերով հարցաքննությանը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հոսնի, Գամալ եւ Ալյա Մուբարաքներին դատարան ներկայանալու ծանուցագիր է ուղարկվել։
Նշենք, որ Մուբարաքին ու նրա ընտանիքին կասկածում են ապօրինի ճանապարհներով մեծ հարստություն կուտակելու մեջ եւ փնտրվում է արտասահմանում ունեցած նրա հաշվեհամարներն ու անշարժ գույքը: Մուբարաքին նաեւ ցանկանում են մեղադրել փետրվարյան ցույցերի մասնակիցների սպանության հրահրման կապացությամբ։ Նախկին նախագահը հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները, եւ սպառնացել, որ ստահոդ տեղեկատվություն տարածողների հետ հարցերը կպարզի դատարանում։
Հիշեցնենք, որ Հոսնի մուբարաքը հրաժարական է ներկայացրել այս տարվա փետրվարի 11-ին, Եգիպտոսում տեղի ունեցող զանգվածային հուզումների ճնշման ներքո։ Հունվար-փետրվար ամիսների հուզումների արդյունքում մահացել է 365 մարդ։ Նշենք, որ Մուբարաքի կողմից իշխանությունը երկրի բանակին հանձնելուց հետո, տնտեսական անկում է արձանագրվել, ինչպես նաեւ խնդիրներ են առաջացել Եգիպտոսի ներքին անվտանգության հարցում։ Մասնավորապես, երկրի մահմեդական բնակչության կողմից ճնշումներ են սկսվել ղպտի քրիստոնյաների նկատմամբ։





























