Վերջին տվյալների համաձայն, Մինսկի մետրոյում ապրիլի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում տուժել է 192 մարդ։ Տուժածների ամբողջական անվանացանկը տեղադրված է Բելառուսի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», մինչեւ վերջին հրապարակումը Բելառուսի տարբեր գերատեսչություններ հաղորդում էին 151-ից մինչեւ 207 տուժածների մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի երեկոյան ժամին, Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում պայթյուն է որոտացել։ Ահաբեկչության արդյունքում մահացել է 12 մարդ։
Նշենք, որ «Օկտյաբրսկայա» կայարանը բաժանիչ հանգույց է Մինսկի մետրոպոլիտենի համար, այդ պատճառով հատկապես երեկոյան ժամերին գերծանրաբեռնված է լինում։
Հիշեցնենք, որ պայթյունի ուժգնությունը համարժեք է եղել 5-7 կգ տրոտիլի։ Պայթուցիկում առկա են եղել կտրող-ծակող մետաղական մասնիկներ, պայթյունից հասցված վնասն ավելի մեծացնելու համար։
Ապրիլի 13-ը Բելառուսում սգո օր է հայտարարված։





























